Իրանի «եթե»-ն, որը հայկական լրատվամիջոցները վերածեցին պատրաստակամության
Իրանի արտգործնախարարի Հայաստան կատարած վերջին այցի ընթացքում հնչած հայտարարությունը հայկական լրատվականները շտապեցին ներկայացնել որպես Թեհրանի՝ Հայաստանին գազ մատակարարելու պատրաստակամություն։ Սակայն այդ մեկնաբանություններում անտեսվեց ամենակարևոր բառը՝ «եթե»-ն։
Իրանի ներկայացուցիչը խոսել է գազ մատակարարելու հնարավորության մասին որոշակի պայմանների առկայության դեպքում։ Բայց հնարավորությունը դեռ պայմանավորվածություն չէ, իսկ ցանկությունը` իրական երաշխիք։
Իրանն ինքը գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների ներքո։ Հետևաբար, հարց է առաջանում. արդյո՞ք Թեհրանը կարող է Հայաստանին ոչ թե սահմանափակ, այլ մեծածավալ գազ մատակարարել, հաշվի առնելով իր տնտեսական և քաղաքական սահմանափակումները։
Բայց կա նաև մեկ այլ կարևոր հանգամանք, TRIPP նախագիծը։ Սյունիքի ամբողջ երկայնքով նախատեսվող հաղորդակցային ծրագրում առանցքային դեր ունի ամերիկյան կողմը։ Եվ այստեղ առաջանում է տրամաբանական հարց. եթե Իրանը գտնվում է ամերիկյան պատժամիջոցների տակ, ապա արդյո՞ք ամերիկյան կազմակերպությունը, որը ներգրավված է լինելու այդ ռազմավարական նախագծի կառավարման գործընթացում, որևէ կերպ չի սահմանափակի Իրանից Հայաստան գազի մեծածավալ ներմուծման հնարավորությունը։
Կա նաև մեկ այլ ոչ պակաս կարևոր հանգամանք։ Իրանի գազը Հայաստան հասնող խողովակաշարով տեղափոխելու ենթակառուցվածքն ինքնին ամբողջությամբ հայկական վերահսկողության տակ չէ։ JAMnews-ի հրապարակման համաձայն՝ 2015 թվականից Հայաստան-Իրան գազատարի հայկական հատվածը գտնվում է «Գազպրոմ Արմենիա»-ի կառավարման ներքո։
Այսպիսով, երեք հիմնական հարց մնում է անպատասխան.
Իրանը կարո՞ղ է արդյոք իրականում Հայաստանին մեծածավալ գազ մատակարարել։
ԱՄՆ-ն ինչպե՞ս կվերաբերվի այդ համագործակցությանը՝ հաշվի առնելով Իրանի նկատմամբ իր պատժամիջոցները։
Հայաստանը կունենա՞ արդյոք ինքնուրույն որոշելու հնարավորություն, թե ումից և ինչ ծավալներով էներգակիրներ ներմուծել։
Իրանի հետ էներգետիկ համագործակցության ընդլայնումը կարող է Հայաստանի համար կարևոր հնարավորություն լինել։ Բայց դեռևս չկա հիմք այն ներկայացնելու որպես կայացած պայմանավորվածություն։
Հայկական իշխանական լսարանը գուցե շտապեց ուրախանալ Իրանի պատրաստակամությամբ, բայց պետության համար կարևորն այն չէ, թե ինչ են խոստանում, այլ այն, թե արդյոք այդ խոստումը հնարավոր է իրականացնել։
Իրանի հայտարարության մեջ ամենակարևոր բառը «եթե»-ն էր։ Իսկ հայկական լրատվական դաշտում հենց այդ «եթե»-ն անհետացավ։


















































«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են